Վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակցելը կուսակցության վրա լավ է անդրադարձել. նրա որոշումից հետո ևս 7 հազար հոգի ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրել: «Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հայտարարությունից հետո կուսակցության շարքերը համալրելու համար 7 հազար հոգի դիմում է ներկայացրել»,- ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
ՀՀԿ-ին անդամագրվողների մեջ են նաև նախարարներից երկուսը՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ էին ներկայացրել գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարներից շարունակում է անկուսակցական մնալ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: